Հայաստանի բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստը 28.03.2024

28.03.24
Հայաստանի բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստը 28.03.2024

2024 թվականի մարտի 28-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի 2024թ. առաջին նիստը:

Նիստի օրակարգում, ի թիվս այլոց, ներառված էին Հայաստանի ԱՃԹՆ-ի 2022 թվականի  հինգերորդ ազգային զեկույցի շրջանակը սահմանող և Ստանդարտով պահանջվող մի շարք որոշումների ընդունման, զեկույցի տեխնիկական առաջադրանքի հաստատման, զեկույցը կազմող խորհրդատու կազմակերպության մրցութային ընտրության գնահատող հանձնաժողովի կազմի հաստատման հարցերը, որոնց վերաբերյալ ԲՇԽ-ն ընդունեց համապատասխան որոշումներ:

Նիստի ժամանակ քննարկված կարևոր հարցերից էր ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության՝ ԲՇԽ-ի նախագահին հասցեագրված դիմումի քննարկումը: Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում բազմաշահառու խմբի քաղաքացիական խմբակցության ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն արտահայտեցին ԲՇԽ-ի հարթակի հնարավորությունների անբավարար կիրառման, հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների նկատմամբ իրենց կարծիքով՝ աճող ճնշումների, դատական հայցերի ավելացման, բնապահպանական գործունեության համար՝ պիտակավորման և այլ անցանկալի միտումների վերաբերյալ:  Նիստը նախագահող Հ. Հարությունյանը դրական գնահատեց քաղաքացիական խմբակցության մոտեցումը՝ նշված հարցերը բարձրաձայնելու և  դրանք քննարկման դաշտ բերելու համար: Նա պարզաբանեց գործընկերների առաջադրած խնդիրները և պատասխանեց տրված հարցերին: Ելույթներ ունեցան նաև ընդերքօգտագործողների խմբակցության անդամները, որոնք ընդգծեցին, որ ընկերությունները երբեք դեմ չեն ցանկացած հարթակում ցանկացած հարց քննարկելուց, չժխտելով, որ հանքարդյունաբերության ոլորտում կան խնդիրներ, այդ թվում՝ տարիներով կուտակված, որոնք պարտադիր պետք է լուծվեն: Միևնույն ժամանակ,  ընկերությունները հիշեցրեցին գործընկերներին, որ դատական հայց ներկայացնելը սահմանադրական և ժողովրդավարական գործիք է և չպետք է դրանից անհանգստանալ:

ԲՇԽ-ի նիստը նախագահող Հ.Հարությունյանը ամփոփեց քննարկումը՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ հարթակն այսուհետ էլ ավելի ակտիվությամբ  պետք է օգտագործել՝ արտահայտված մտքերն ու տեսակետները ի մի բերելու և խնդիրներին լուծումներ տալու նպատակով։

Նիստն անդրադարձավ նաև  ԱՃԹՆ-ի 2025թ. և հետագա տարիների գործունեության և միջոցառումների անցկացման ֆինանսական աղբյուրների քննարկմանը, որի վերաբերյալ տրվեց հանձնարարական՝ համապատասխան տեղեկանք կազմելու և ԲՇԽ-ի անդամների քննարկմանը ներկայացնելու համար:

Բազմաշահառու խմբի նիստի արձանագրությունը հասանելի է այստեղ։