Պատմությունը

Հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից է: Հայաստանի Հանրապետությունում պղնձի, մոլիբդենի և ոսկու պաշարները գերազանցում են տարածաշրջանի այլ երկրներում դրանց առկա պաշարները: Հաշվի առնելով հանքարդյունաբերության կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ՝ ոլորտի տնտեսական գրավչության ապահովումն ունի առանձնակի կարևորություն և հրատապություն:

Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ստանալ տնտեսական արդյունքներ, որոնք կօգնեն ապահովել տնտեսական աճ և կրճատել աղքատությունը: Միևնույն ժամանակ, ժողովրդավարական պետություններում կառավարությունը պատասխանատվություն է կրում ապահովելու իր կողմից կայացված որոշումների և իրականացված քաղաքականության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Հայաստանի Հանրապետությունը ձգտում է, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ, որի համար նախապայման է հանրության և գործարար շրջանակների համար ոլորտի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հասանելիությունը: 

Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակներում, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2011 թվականին և որի նպատակն է կառավարության որոշակի հանձնառությունների իրականացման միջոցով խթանել պետական կառավարման թափանցիկությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, քաղաքացիական հասարակության մասնակցությունը, պայքարել կոռուպցիայի դեմ: 

Հայաստանը ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթացը սկսեց 2015 թվականի հուլիսին, երբ վարչապետը պաշտոնապես հայտարարեց ԱՃԹՆ-ի անդամ երկիր դառնալու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է տասնհինգ անդամներից՝ հետևյալ կազմով.

  • վեց ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարությունից,
  • չորս ներկայացուցիչ հանքարդյունաբերական ընկերություններից,
  • հինգ ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից (այդ թվում՝ մեկ ներկայացուցիչ գիտական համայնքից):

2016 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի Հայաստանի բազմաշահառու խմբի առաջին նիստը: Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի անհատական կազմը հաստատվեց ՀՀ վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 24-ի  N 1104-Ա որոշմամբ: 2016 թվականի դեկտեմբերի 26-ին ԲՇԽ-ն կոնսենսուսով հաստատեց ԱՃԹՆ-ի Հայաստանի ԲՇԽ-ի աշխատակարգը և 2017-2018 թվականների աշխատանքային ծրագիրը:  2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրեց թեկնածության հայտը:

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց 2017 թվականի մարտի 9-ին՝ Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Որոշման մեջ սահմանվեցին հետևյալ վերջնաժամկետները.

ԱՃԹՆ-ն ընդունում է Հայաստանի Հանրապետությանը որպես ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր՝ 2017 թվականի մարտի 9-ին: Համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր առաջին ԱՃԹՆ-ի զեկույցը հրապարակի թեկնածու դառնալուց հետո 18 ամսվա ընթացքում (այն է՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 9-ը): Հայաստանը պետք է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը հրապարակի 2017 թվականի տարեկան գործունեության հաշվետվություն: Վավերացումը կսկսվի թեկնածու դառնալուց հետո երկուսուկես տարվա ընթացքում (այն է՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 9-ը): Ըստ ԲՇԽ-ի ներկայացրած աշխատանքային ծրագրի՝ ԱՃԹՆ-ի խորհուրդն ակնկալում է, որ Հայաստանը մինչև 2018 թվականի հունվարի 1-ը կհրապարակի իրական սեփականատերերի քարտեզը:

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ն մինչև 2018թ. հունվարի 1-ը հաստատել, հրապարակել և ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարություն է ներկայացրել ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը, որը կազմվել էր ներգրավված միջազգային և տեղական խորհրդատուների կողմից՝ ԲՇԽ-ի, ԱՃԹՆ-ի քարտուղարության, լիազոր պետական մարմինների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցելով: Ճանապարհային քարտեզի կազմմանը նախորդել է «Հայաստանում իրական շահառուների բացահայտման վերաբերյալ իրավական վերլուծության» իրականացումը: Ճանապարհային քարտեզը ներկայացվեց մարտի 22-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին՝ իրազեկման և հետագայում նաև կառավարության որոշման տեսքի բերելու նպատակով: Այնուհետև ճանապարհային քարտեզն ամրագրվել է 2018թ․ մարտի 29-ի «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N12 արձանագրային որոշմամբ, և իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ (2018թ․ մարտի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի N 297-Ա որոշում)

2018թ. մարտի 27-ին կայացած ԲՇԽ-ի նիստի ընթացքում որոշվեց, որ հաշվի առնելով, որ ԱՃԹՆ-ի զեկույցի մշակման համար նախատեսված ժամանակահատվածը բավարար չէ որակյալ աշխատանք իրականացնելու և ԱՃԹՆ-ի ստանդարտի ու ԲՇԽ-ի պահանջներին համապատասխան ԱՃԹՆ-ի զեկույցի հրապարակման համար, զեկույցի հրապարակման վերջնաժամկետը 2,5 ամսով հետաձգելու խնդրագրով դիմել ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդին:

2018թ. հունիսի 27-30-ը Բեռլինում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստի ընթացքում որոշում է ընդունվել բավարարել Հայաստանի հայցը և հետաձգել Հայաստանի կողմից 2018թ. ԱՃԹՆ-ի ազգային զեկույցի հրապարակման վերջնաժամկետը՝ մինչև 2019թ. մարտի 9-ը: Մասնավորապես, ԱՃԹՆ-ի խորհուրդը որոշել է.

«Հայաստանին թույլատրվում է հետաձգել զեկույցի հրապարակումը, և զեկույցի հրապարակման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2019թ. մարտի 9-ը: Եթե 2019թ. մարտի 9-ի դրությամբ Հայաստանը չհրապարակի ԱՃԹՆ-ի զեկույցը, Հայաստանի անդամակցությունն ԱՃԹՆ-ին կկասեցվի: Կասեցումը չի վերացվի մինչև 4.8 պահանջի բավարարումը: Եթե կասեցումը ուժի մեջ մնա մեկ տարուց ավելի, ապա ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին կզրկի ԱՃԹՆ-ի անդամակցությունից»:

ՀՀ վարչապետի 2018թ. հուլիսի 16-ի որոշմամբ, փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ի անհատական կազմը հաստատող ՀՀ վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Հայաստանի Հանրապետության բազմաշահառու խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1104-Ա որոշման մեջ։ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: 

2018թ. դեկտեմբերի 5-ին կայացած ԲՇԽ-ի նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցը, որը հրապարակվեց 2019թ. հունվարի 30-ին տեղի ունեցած համաժողովի ընթացքում:

ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծում է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: