Տեղի է ունեցել ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի 2022թ. 1-ին նիստը

27.04.22
Տեղի է ունեցել ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի 2022թ. 1-ին նիստը

Այսօր՝ ապրիլի 27-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստը: 2020 թվականի հունիսից ի վեր սա ԲՇԽ-ի առաջին հանդիպումն էր, որն անցկացվեց իրական ռեժիմում։ Նիստի մասնակիցների քվորումն ապահովված էր։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Համբարձում Մաթևոսյանը գոհունակությամբ փաստեց, որ, թեև COVID-19 համավարակի պատճառով ընդհատվել էին ԲՇԽ-ի նիստերը և քննարկումները իրական ռեժիմում անցկացնելու հնարավորությունները, սակայն դա չի խանգարել բազմաշահառու խմբի անդամներին ու ԱՃԹՆ-ի Հայաստանի քարտուղարությանն իրականացնել Նախաձեռնության աշխատանքային ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումները և  թույլ է տալիս արձանագրել, որ «ԱՃԹՆ-ի ներդրումը Հայաստանում այլևս կայացած փաստ է»: Փոխվարչապետը նիստի մասնակիցներին հիշեցրեց, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի երկրորդ միջազգային վավերացումը միջազգային խորհրդի կողմից հաստատված նոր մոդելով, որը ենթադրում է վավերացման աշխատանքներում բազմաշահառու խմբի ավելի մեծ մասնակցություն: Համբարձում Մաթևոսյանը ընդգծեց, որ նախավավերացման աշխատանքներում շահառու կողմերի ակտիվ ներգրավվածությամբ և բոլորի համատեղ աշխատանքով միայն Հայաստանը կկարողա պահպանել առկա բարձր գնահատականը:

Այնուհետև, ԲՇԽ-ի անդամներն անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ Քննարկումների արդյունքում Բազմաշահառու խումբը հաստատեց ԱՃԹՆ-ի 2022թ. վերանայված աշխատանքային ծրագիրը, Հայաստանի ԱՃԹն-ի 4-րդ ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև տեղեկացվեց ընկերությունների իրավական սեփականատերերի բացահայտման, Opening Extractives միջազգային ծրագրի, հանքարդյունաբերության ոլորտում տվյալների համակարգված բացահայտումների ՏՏ համակարգի ստեղծման աշխատանքների, հանքարդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի մասին: Նիստի ընթացքում առաջիկա անելիքների վերաբերյալ հնչեցվեցին մի շարք առաջարկներ, որոնց հիման վրա տրվեցին փոխվարչապետի համապատասխան հանձնարարականներ ուղղված լիազոր մարմիններին:

Բազմաշահառու խմբի նիստի արձանագրությունը հասանելի է այստեղ։