Վարդենիսում և Վանաձորում կայացան Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի ներկայացման հանդիպում-քննարկումներ

07.05.19
Վարդենիսում և Վանաձորում կայացան Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի ներկայացման հանդիպում-քննարկումներ

Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրազեկման միջոցառումների շրջանակում սույն թվականի մայիսի 6-ին և 7-ին Վարդենիսում և Վանաձորում կայացան ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի ներկայացման հանդիպում-քննարկումներ։
Հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի քարտուղարության և ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ՀՀ կառավարությունը, արդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները մարզպետարանների և համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության և հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրեցին նախաձեռնությունը, 2019 թվականին հրապարակված ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը, խոսեցին զեկույցով հասանելի դարձած տվյալների մասին, մասնավորապես՝ ընդերքօգտագործման թույլտվությունների, մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների պայմանագրերի, մետաղական հանքարդյունաբերության ոլորտից համայնքի ստացած եկամուտների, ընկերությունների՝ համայնքի առջև սոցիալական պարտավորությունների մասին։
Հանդիպումներին խոսեցին նաև ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքի և առցանց հաշվետվությունների հարթակի միջոցով հասանելի դարձած տվյալների, իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ, կազմակերպվեցին քննարկումներ։ 
ԱՃԹՆ-ի իրազեկման միջոցառումները կրում են շարունակական բնույթ և նպատակն ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաև հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխըմբռնումը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: 
Հայաստանի Հարապետությունը 2017 թվականի մարտից համարվում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր։ 2019 թվականի հունվարին հրապարակվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։
Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման գործընթացն սկսվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում։

ԱՃԹՆ-ի մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է նախաձեռնության միջազգային կայքում՝ www.eiti.org և Հայաստանի ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքում՝ www.eiti.am ու առցանց հաշվետվությունների հարթակում reports.eiti.am։

Մարզային այցելությունները կազմակերպվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Հանրային վարչարարության բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնությամբ։