Հոկտեմբերի 8-9-ը Բրյուսելում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2026 թվականի գլոբալ համաժողովը

12.10.26
Հոկտեմբերի 8-9-ը Բրյուսելում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2026 թվականի գլոբալ համաժողովը

Հոկտեմբերի 8-9-ը Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2026 թվականի գլոբալ համաժողովը[1]`  «Transparency for Shared Prosperity» խորագրով, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում համաժողովին և դրան նախորդած միջոցառումներին մասնակցել են  ԱՃԹՆ ազգային քարտուղարության ղեկավար, ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը, ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամներ, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Հռիփսիմե Քոչարյանը, Տարածքայն կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Ընդերքի վարչության Ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Սեդա Հակոբյանը,  Արդարադատության նախարարության  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման բաժնի պետ Հռիփսիմե Իսկանդարյանը։   

Համաժողովը, որի անցկացումը հովանավորել էին Բելգիայի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը, համախմբել էր ավելի քան 50 երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների՝ քննարկելու բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության արդի հարցերը: Համաժողովին և դրան նախորդած միջոցառումներին անցկացվել են բազմաթիվ պանելային քննարկումներ՝ նվիրված ԱՃԹՆ հետագա զարգացումներին  և արդի ժամանակների մարտահրավերներին, որոնց ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց փորձով, մտահոգություններով և այն պատկերացումներով, որոնք կարող են օգտակար լինել ԱՃԹՆ հետագա զարգացումների և աշխատանքի համար։  Համաժողովի ընթացքում ընտրվել է ԱՃԹՆ Խորհրդի նոր նախագահ՝ առաջիկա 3 տարիներին Խորհուրդը կգլխավորի Մարիա Վան Դեր Հովենը, ով երկար տարիներ նախարարական  պաշտոններ է զբաղեցրել Նիդերլանդներում, ինչպես նաև   միջազգային խոշորագույն կառույցներում։
Ահա այն միջոցառումները, որոնք կարևորվում են հատկապես   Հայաստանի պատվիրակների մասնակցությամբ․
ԱՃԹՆ Խորհրդի 67-րդ և 68-րդ նիստերը․ Հայաստանը պահպանել է իր տեղը ԱՃԹՆ Խորհրդում՝ Խորհրդի անդամի պարտականությունները առաջիկա 3 տարիներին կիրականացնի ԲՇԽ անդամ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։ Խորհրդում Եւրոպական տարածաշրջանը 2023-2026թթ․ ներկայացնող՝ Հայաստանի ԱՃԹՆ ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը  Խորհրդի 67-րդ նիստի ժամանակ Խորհրդի կազմում ունեցած արդյունավետ ներդրման համար արժանացել է ԱՃԹՆ Խորհրդի պաշտոնական շնորհակալագրին (Certificate of Appreciation)։
Իրական շահառուների թափանցիկություն. ՀՀ ՏԿԵՆ և ԱՆ ԻԱ պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչների հետ միասին ԱՃԹՆ քարտուղարության ղեկավարը  մասնակցել է թեմատիկ աշխատաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի առաջընթացը և իրական շահառուների տվյալների գործնական կիրառման ուղղությամբ իրականացված բարեփոխումները։
 Առաջնորդների ֆորում. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդես է եկել Առաջնորդների ֆորումին՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի թվայնացման միջոցով թափանցիկության բարձրացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ Նախաձեռնությունը պաշտոնապես ողջունվել է ԱՃԹՆ միջազգային քարտուղարության կողմից։
Միջազգային գործընկերություն. Աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Ասիական զարգացման բանկի, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության և գործընկեր այլ կառույցների հետ՝ ընդլայնելու համար համագործակցությունը հանքարդյունաբերության կառավարման բարեփոխումների և տվյալների բացահայտման ուղղություններով։
Հայաստանի մասնակցությունը համաժողովին ևս մեկ հնարավորություն էր՝ միջազգային հարթակում ներկայացնելու երկրի փորձը, ամրապնդելու գործընկերային կապերը և նախանշելու արդյունահանող ոլորտում թափանցիկության ու հաշվետվողականության զարգացման հետագա քայլերը։

[1] https://eiti.org/eiti2026