«Լիցենզավորման և պայմանագրերի կնքման գործընթացում Իրական շահառուների տվյալների օգտագործման» ձեռնարկի փորձարկումը Երևանում

15.07.25

2025 թվականի հուլիսի 8-ից 9-ը  «Opening Extractives» ծրագրի ներքո Երևանում անցկացվեցին «Լիցենզավորման և պայմանագրերի կնքման գործընթացում Իրական շահառուների տվյալների օգտագործման» ձեռնարկի փորձարկման աշխատաժողովը:

Աշխատաժողովն անցկացրեցին Open Ownership կազմակերպության պատասխանատուներ Էմիլի Մանուելը, Ֆիբի Վիլյամսը, և Ջուլի Վիալեն, ինչպես նաև Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արդարադատության նախարարության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասնագետները:

 Նշված ձեռնարկի նախագիծը  մշակվել էր Open Ownership կազմակերպության կողմից, որը դրա վերջնական տարբերակը հաստատելու համար անհրաժեշտաբար ուզում էր նախապես հասկանալ ձեռնարկի կիրառելիությունը, դրա կիրառման հեշտությունը, բացերն ու թերությունները: Այդ նպատակով կազմակերպությունը խնդրել էր հայկական գործընկերներին նախապես տեստավորել ձեռնարկի օգտակարությունը՝ այն կիրառելով  գործող ընկերությունների կամ արդյունահանման/ ուսումնասիրման թույլտվությունների  համար ներկայացրած հայտերի նկատմամբ: Ակնկալվում էր, որ վերը նշված լիազոր մարմինների աշխատակիցները մինչև հուլիսյան հանդիպումը կանցկացնեն նման  փորձարկումներ և կարձանագրեն իրենց դիտարկումներն ու մեկնաբանությունները ձեռնարկի վերաբերյալ:

Եւ ահա, հուլիսի 8-ին և 9-ին Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցի հանդիպումների սրահում կայացավ ձեռնարկի վերաբերյալ Հայաստանի լիազոր մարմինների մասնագետների կողմից  արձանագրված դիտարկումների ու մեկնաբանությունների համատեղ քննարկումը, դրա վերաբերյալ կարծիքների փոխանակումը, առաջարկությունների ներկայացումը:

Աշխատաժողովն անցավ ՀՀ լիազոր մարմինների մասնագետների կողմից ցուցաբերված բարձր ակտիվության մթնոլորտում, որի համար Open Ownership կազմակերպության պատասխանատուները հատուկ երախտագիտություն հայտնեցին մասնակիցներին: Նրանք նշեցին, որ մեկ անգամ ևս համոզվեցին Հայաստանի՝ որպես ձեռնարկի տեստավորման համար ամենահարմար երկրի ընտրության ճշտության մեջ, հաշվի առնելով այն օրինակելի փորձը և գիտելիքները, որ հավաքել են երկրի լիազոր մարմինները Իրական շահառուների գործընթացը մեկնարկելու պահից:

Open Ownership կազմակերպության պատվիրակությունը հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ պատրաստ կլինի ձեռնարկի վերջնական տարբերակը՝ մասնակից երկրներին տրամադրելու համար, որի մեջ կամփոփվեն նաև Հայաստանի գործընկերների արժեքավոր դիտարկումները: