Հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պահպանության հարցերին նվիրված աշխատաժողով Երևանում

18.06.25
Հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պահպանության հարցերին նվիրված աշխատաժողով Երևանում

Հունիսի 18-ին Երևանում մեկնարկեց  աշխատաժողով, որի նպատակն էր  վերլուծել հանքարդյունաբերության ոլորտում պատասխանատու բիզնեսի կայացումը՝ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ենթատեքստում:

Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքներ և էկոլոգիապես պատասխանատու բիզնես գործելակերպ» ծրագրի շրջանակում, որին մասնակցում էին հանքարդյունաբերական ընկերությունների բիզնես և կորպորատիվ ղեկավարներ, իրավաբանական և համապատասխանության պատասխանատուներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասնագետներ, խորհրդատվական ոլորտի ներկայացուցիչներ և պետական կառույցների ներկայացուցիչներ։ Որպես խոսնակ՝ հրավիրվել էր նաև  ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամ Ասատուր Վարդանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Տիգրան Կարապետյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք մտահոգություններ՝ ներկայացնելով կայունության ապահովման և պատասխանատու բիզնեսի վարքագծի միջազգային ստանդարտները, ինչպես նաև այն առավելությունները, որ նման մոտեցումները կարող են տալ բիզնեսի աճի և շահութաբերության տեսանկյունից։

Հատուկ ուշադրություն դարձվեց հանքարդյունաբերական գործունեության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պահանջներին ու չափանիշներին։ Այս համատեքստում ներկայացվեցին Եվրոպական դատարանի՝ ոլորտին վերաբերվող նախադեպային գործեր:

Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի միջազգային չափանիշներին ու դրանց գնահատման գործիքակազմին՝ շեշտադրելով այն հաջող փորձերը, երբ բիզնեսը համադրել է շահը, կայունությունը և սոցիալական պատասխանատվությունը։

Բացի այդ, քննարկվեցին  հանքարդյունաբերությանը վերաբերող իրավական հարցեր՝ պետական-մասնավոր գործընկերությունից և պետական ընկերությունների մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններից մինչև օտարերկրյա ներդրումների օրենսդրական կարգավորումներ և ներդրումային պայմանագրերում հանրային շահի համաչափ ընդգրկումը։

Աշխատաժողովը հանդիսացավ ևս մի քայլ՝  կառուցողական երկխոսության ձևավորման համար, հատկապես՝ պատասխանատու հանքարդյունաբերության, կարգավորող քաղաքականության և կայուն զարգացման նպատակների ինտեգրման շուրջ։