«Հանքարդյունաբերության սոցիալ տնտեսական ազդեցությունը համայնքներում, Հայաստանի պարտավորությունները որպես ԱՃԹՆ անդամ երկիր» թեմայով երկրորդ մարզային հանդիպումը Լոռու մարզում

18.12.23
«Հանքարդյունաբերության սոցիալ տնտեսական ազդեցությունը համայնքներում, Հայաստանի պարտավորությունները որպես ԱՃԹՆ անդամ երկիր» թեմայով երկրորդ մարզային հանդիպումը Լոռու մարզում

2023թ. դեկտեմբերի 14-15-ը Ալավերդու Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության կողմից կազմակերպված երկրորդ  մարզային հանդիպումը, որի թեման էր՝ «Հանքարդյունաբերության սոցիալ տնտեսական ազդեցությունը համայնքներում, Հայաստանի պարտավորությունները որպես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ երկիր»: Հանդիպումն այս անգամ կազմակերպվել էր Լոռու և Տավուշի մարզերի հանքարդյունաբերական ազդակիր համայնքների շահագրգիռ կողմերի համար, որին մասնակցեցին քաղաքացիական հասարակության անդամներ (ՀԿ-ներ, ակտիվ քաղաքացիներ), հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԲՇԽ-ի և լիազոր պետական մարմինների պատասխանատուներ՝ թվով 30 հոգի:

Հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացվեցին ԱՃԹՆ-ի ներդրման արդյունքում հանրային հասանելի դարձած տվյալները և դրանց օգտագործման կարևորությունը՝ կառավարչական և հանրային որոշումներ կայացնելու համար, քննարկվեցին Հայաստանի կողմից ԱՃԹՆ-ի 2023թ. նոր ստանդարտով  երկրների և ընկերությունների նկատմամբ սահմանվող նոր պահանջների կատարման հնարավորությունները:

Մասնակիցները քննարկեցին հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ընդունված ռազմավարությունը, դրա իրագործման ընթացքում քաղաքացիական հասարակության, բիզնես ընկերակցության և համայնքների առաջարկները ներառելու հնարավորությունները:

 Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց լիազոր մարմնի կողմից ոլորտի վերաբերյալ առաջարկվող նոր իրավական նախաձեռնությունը, որով ստանդարտացվելու է ազդակիր համայանքների զարգացման մեջ հանքարդյունահանող ընկերությունների կողմից պարտադիր բնույթ կրող սոցիալ-տնտեսական ներդրումների չափը:

Քննարկվեցին նաև հանքարդյունաբերության ոլորտից ստացված պետական և տեղական եկամտային հոսքերի, այդ թվում՝ ռոյալթիից, բնապահպանական հարկից կատարվող մասհանումների հաշվին ազդակիր համայնքներում զարգացման, բնապահպանական և առողջապահական  ծրագրեր կազմելու և իրագործելու կարողությունները, ինչպես նաև դրանց կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը:

Հանդիպման երկու օրերի ընթացքում մասնակիցների ծագող հարցերին պարզաբանումներ տրամադրեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը: Հանդիպման թեմաները ներկայացրեցին և ներկաների հարցերին պատասխանեցին ԱՃԹՆ-ի քարտուղարությունից Լուսինե Թովմասյանը և Հասմիկ Մանուկյանը, ՏԿԵՆ-ի ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, գլխավոր մասնագետ Նաիրա Բարսեղյանը, ավագ մասնագետ Արմինե Ստեփանյանը, Շրջական միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության  վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը:

Անդրադարձ կատարելով հանքարդյունաբերության ոլորտից համայնքներին հասանելիք դարձած միջոցների հաշվարկված մեծություններին և դրանց հաշվին մշակված և իրականացված փաստացի ծրագրերին, արձանագրվեց նշված միջոցների օգտագործման անբավարար մակարդակը: Պատճառների մեջ մասնակիցները նշեցին համայնքների պատասխանատուների կարողությունների անբավարար մակարդակը, ինչպես նաև որոշ համայնքների պասիվ մասնակցությունը: Այդ ենթատեքստում առավել կարևորվեց հանքարդյունահանման ոլորտում ընդգրկված համայնքների համար նման հանդիպումների նշանակությունը և դրանցում հատկապես ՏԻՄ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: 

Հանդիպումը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» թիվ TF0B4808 դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: