Հայաստանը Դաքարում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 9-րդ համաշխարհային համաժողովին

20.06.23
Հայաստանը Դաքարում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության  9-րդ համաշխարհային համաժողովին

2023թ. hունիսի 12-15-ը Դաքարում (Սենեգալ) տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 9-րդ գլոբալ համաժողովը, որին մասնակցում էին ԱՃԹՆ-ի անդամ 57 երկրների, աջակցող երկրների և արդյունահանող ընկերությունների, միջազգային գործընկերներ կազմակերպությունների պատվիրակություններ։ Հայաստանից համաժողովին մասնակցում էին Հայաստանի ազգային քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ Նազելի Վարդանյանը, ԶՄՊԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը, «Հետք»-ի հետաքննող լրագրող Քրիստինե Աղալարյանը։

Համաժողովը ընթանում էր «Թափանցիկությունը անցումային շրջանում» խորագրի ներքո։ Համաժողովին ներկայացվել է ԱՃԹՆ-ի 2023 թվականի Ստանդարտը, որը անդամակից երկրների շահառուների ուշադրությանը կենտրոնացնելու է այսուհետ նաև համաշխարհային էներգետիկ անցման, դրա հետ կապված հնարավորությունների, մարտահրավերների և նոր կոռուպցիոն ռիսկերի կառավարման թեմաների վրա։

Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է որպես ԱՃԹՆ-ի մի քանի բարդ պահանջների իրականացման գծով առաջամարտիկ երկիր: Պանելային քննարկումների և ներկայացումների ժամանակ ընդգծվել է Հայաստանի գերազանց առաջընթացը Ստանդարտի որոշ պահանջների բավարարման գծով, մասնավորապես, արդյունահանման պայմանագրերի թափանցիկության ապահովման, իրական շահառուների բացահայտման նորարական համակարգի ներդրման, հանրության համար բաց տվյալները հասանելի դարձնելու և տվյաների օգտագործումը խրախուսելու գործում։

Համաժողովի օրակարգային քննարկումների շարքում Հայաստանի ազգային քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը ներկայացրել է Հայաստանի փորձը, մասնավորապես.

  • հունիսի 15-ին կայացած «Փոփոխությունների ընդունում. 2023 ԱՃԹՆ-ի ստանդարտի առջև ծառացած ուղին» վերնագրով հիմնական պլենար նիստին, որտեղ ներկայացվել և քննարկվել են ԱՃԹՆ-ի հիմնական հաջողություններն ու մարտահրավերները, ինչպես նաև ԱՃԹՆ-ի նոր՝ «Էներգետիկ անցում» ուղղության շրջանակում քննարկվել են բնական ռեսուրսներով հարուստ երկրների համար էներգետիկ անցման գործընթացի ու կրիտիկական հանքատեսակների պահանջարկի աճի հետ կապված կայուն զարգանցման հնարավորությունները, նոր կոռուպցիոն ռիսկերի կառավարման ու ոլորտի «լավ» կառավարման համակարգերի ամրապնդման կարևորությունը,
  • համաժողովի նորարական զրույցների հարթակում ներկայացվել է Հայաստանում իրական շահառուների համակարգի ու իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման առաջատար փորձը,
  • Հայաստանի ազգային տաղավարում երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել և քննարկել են ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների կատարման առաջատար փորձը, կիսվել գաղափարներով, հաստատել ծանոթություններ, քննարկել համագործակցության հնարավորություններ:

Մեր երկրի համար կարևոր նորություններից մեկը կայանում է նրանում, որ Հայաստանը առաջիկա  3 տարիներին ներկայացված է լինելու ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդում՝ ՀՀ ԱՃԹՆ համակարգող Լուսինե Թովմասյանն ընտրվել է որպես ԱՃԹՆ-ի խորհրդի՝ եվրոպական երկրների խմբակցությունը ներկայացնող անդամ։