Եռօրյա դասընթաց-աշխատաժողով՝ Ծաղկաձորում

08.08.22
Եռօրյա դասընթաց-աշխատաժողով՝ Ծաղկաձորում

Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունը Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ ս.թ. օգոստոսի 3-5-ը Ծաղկաձորի Գրողների միության տանը կազմակերպեց «Համայնքների կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացման և կարողությունների զարգացման» թեմայով դասընթաց-աշխատաժողով:

Դասընթաց-աշխատաժողովի նպատակն էր՝ զարգացնել և ամրապնդել ազդակիր համայնքների, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատու աշխատակիցների կարողությունները և հմտությունները՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի և համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի համաձայն բնապահպանական ծրագրեր կազմելու և իրականացնելու, բնապահպանական և առողջապահական միջոցառումներ մշակելու, ներդնելու և կառավարելու գործում:

Աշխատաժողովին մասնակցեց Հայաստանի լիազոր պետական մարմինների, մարզպետարանների, ազդակիր համայնքների, Երևանի քաղաքապետարանի շուրջ 50 պատասխանատու աշխատակից:

Դասընթաց-աշխատաժողովի օրակարգը հագեցած էր և ընթանում էր ինտերակտիվ եղանակով և մասնակցային ակտիվությամբ: Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեց  դասընթացի թեմայի կարևորությունը ԱՃԹՆ-ի ստանդարտի 5-րդ պահանջի կատարման տեսանկյունից: ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը պարզաբանեց համայնքների կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի նկատմամբ ԱՃԹՆ-ի ստանդարտի կողմից ներկայացվող թափանցիկության և հաշվետվողականության պահանջները:  Այնուհետ, ունկնդիրները քննարկեցին բնապահպանական հարկից կատարվող մասհանումների մեխանիզմը և համայնքային բյուջեների համալրումը, իսկ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը ներկայացրեց Հայաստանում ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման իրավական կարգավորումները, արձանագրված պրակտիկան, վերհանված թերությունները:

Դասընթաց-աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022թ. մայիսի  25-ի ՀՕ-145-Ն օրենքը, օրենքից բխող մշակվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, դրանց շրջանակում բնապահպանական ծրագրերի մշակման, համաձայնեցման և իրականացման գործընթացների հետագա բարելավմանն ուղղված առաջարկությունները, համայնքների կարիքները: Արթուր Ղավալյանը և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի բժիշտ հիգիենիստ Արայիկ Պապոյանը մասնակիցներին ներկայացրին 2017-2021թթ. իրականացված բնապահպանական և առողջապահական ծրագրերի (միջոցառումների) վերաբերյալ համառոտ ակնարկ, որի շուրջ կայացավ մտքերի փոխանակում:

Աշխատաժողովի երրորդ օրը հիմնականում նվիրված էր թիմային աշխատանքին: Խմբերի բաժանված մասնակիցները ստացան առաջադրանք՝ մշակելու և ներկայացնելու բնապահպանական ծրագրեր՝ բնապահպանական և առողջապահական միջոցառումներով: Մասնակիցները հաջողությամբ իրականացրին առաջադրանքը՝ հիմնվելով դասընթացի առաջին երկու օրվա ընթացքում ստացված տեղեկատվության և գիտելիքների վրա: Աշխատաժողովի ավարտին բոլոր մասնակիցները քվեարկեցին՝ ընտրելու համար ներկայացված լավագույն ծրագրերը:

Այսպիսով, դասընթաց-աշխատաժողովը նպաստեց մասնակիցների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են բնապահպանական ծրագրեր կազմելու, իրականացնելու, ինչպես նաև ԱՃԹՆ-ի ստանդարտի թափանցիկության և հաշվետվողականության պահանջներն ապահովելու համար։ Աշխատաժողովը նաև օգնեց ստեղծել համայնքնային մասնագետների ցանց, որոնք առաջիկայում կաջակցեն միմյանց լավագույն փորձի փոխանակնման նպատակով։