Կառավարությունը հավանություն է տվել ռոյալթիի համակարգը փոխելու օրենսդրական նախաձեռնությանը

05.05.22
Կառավարությունը հավանություն է տվել ռոյալթիի համակարգը փոխելու օրենսդրական նախաձեռնությանը

Այսօր կայացած նիստին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը (կառավարության նիստի հարց 36): Օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունման նպատակը մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիի համակարգը մետաղների միջազգային գներին ավելի արձագանքող և ավելի պրոգրեսիվ դարձնելն է։ 

Կառավարությունը գտնում է, որ թեև ռոյալթիի գործող համակարգով մետաղների միջազգային գների բարձրացման պարագայում ռոյալթիի դրույքաչափը որոշակիորեն աճում է, այդուհանդերձ ռոյալթիի դրույքաչափի աճը բավարար չէ մետաղների միջազգային գների էական բարձրացման պարագայում պետական բյուջեի համար արդարացի և հիմնավորված լրացուցիչ եկամուտներ ապահովելու համար։

2021թ.-ից պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման համար սահմանվել է արտահանման պետական տուրք, որի  նպատակն է պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտների ապահովումը՝ միջազգային բարձր գների պայմաններում: Սակայն այս գործիքը ոչ միշտ է արդյունավետ, ուստի փաթեթով առաջարկվում է նաև 2023թ.  հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը։

Փոխարենը, առաջարկվում է վերանայել ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը։ Մինչև 10% շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում կներառվի լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով: Ռոյալթիի բանաձևի 3-րդ բաղադրիչը հաշվարկելիս հաշվի կառնվեն փոխառու ռոյալթի վճարողի՝ կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսայում ցուցակված լինելու, փոխատու ֆինանսական կազմակերպության՝ կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսայում ցուցակված լինելու կամ փոխատուի՝ կառավարության սահմանած՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքները: 

Նախագիծը սահմանում է նաև, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս  կամ ավելի ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն՝  հիմք է ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը։ Ներկայումս օրենսդրությամբ սահմանված է համապատասխանաբար 20 տոկոս և  80 տոկոս։

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, նպաստել ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը, միաժամանակ, մետաղների բարձր գների պայմաններում պետական բյուջեի համար ապահովել լրացուցիչ հարկային եկամուտներ։

Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել  է անհետաձգելի և որոշել է սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: