Ռեսուրսներից կախվածության քանակական գնահատականը

06.04.22
Ռեսուրսներից կախվածության քանակական գնահատականը

2022թ. մարտի 31-ին ԱՃԹՆ-ի միջազգային կայքի բլոգում Քրիստոֆեր Կլաուսենի հեղինակությամբ հրապարակվել է ռեսուրսներից կախվածությունը քանակապես գնահատելու վերաբերյալ հոդված: Հոդվածն անդրադառնում է այն հարցին, որը հաճախ է առաջ քաշվում ԱՃԹՆ-ի շուրջ բանավեճերի ժամանակ՝ ինչպե՞ս ներկայացնել տվյալները, որպեսզի դրանք օգտակար լինեն բանավեճի և որոշումների կայացման ժամանակ: Ընթացիկ իրադարձությունների՝ տնտեսության աճող անորոշության ենթատեքստում հոդվածում խոսվում է ռեսուրսներից կախվածությունը քանակապես գնահատելու ձևերից մեկի մասին: Ըստ հոդվածագրի՝ այն տվյալները, որոնք հավաքագրվում են ԱՃԹՆ-ի գործընթացների միջոցով, ներառում են արդյունահանող ոլորտի տնտեսական ներդրմանը վերաբերվող բաց տվյալներ: ԱՃԹՆ-ն պահանջում է, որպեսզի կառավարությունները վերահսկեն, թե ինչպես է արդյունահանող հատվածը մասնակցում իրենց երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ստեղծմանը, պետական եկամուտներին, ընդհանուր արտահանմանը և զբաղվածությանը:

Այդ տվյալների օգտագործման ձևերից մեկը ռեսուրսներից կախվածության քանակական գնահատումն է: Երկրները սովորաբար համարվում են ռեսուրսներից կախված, երբ արտահանման կամ պետական եկամուտների ծավալի ավելի քան մեկ հինգերորդը ձևավորվում է արդյունահանող ոլորտի կողմից: Չադը, Գվինեան, Իրաքը, Նիգերիան և Ղազախստանը ԱՃԹՆ իրականացնող երկրներից միայն մի քանիսն են, որոնց արդյունահանող ոլորտը այս առումով բարձր տեղ է զբաղեցնում, չնայած դրանք տարբերվում են իրենց կախվածության չափով:

 

Ռեսուրսներից կախվածությունը սովորաբար ցուցադրվում է ողջ տնտեսության մեջ մասնաբաժնի տեսքով: Սակայն արդյունահանվող ռեսուրսներից ձևավորվող պետական եկամուտների մասնաբաժինն իմանալը ի՞նչ օգուտ է տալիս քաղաքացիներին, հատկապես նրանց, որոնք ապրում են հանքերի և նավթահորերի մոտ: Հենց այս խմբերն են, որ հաճախ կարծում են, որ արդյունահանող ոլորտի գործունեությունը իրենց վրա անհամաչափ ուժեղ ազդեցություն է թողնում:

Կախվածության հարցը քաղաքացիների՝ ռեսուրսների վերջնական սեփականատերերի տեսանկյունից դիտարկելու դեպքում այլ պատկեր է ստացվում: Ի՞նչքան գումար է ստանում արդյունահանման ոլորտից կառավարությունը մեկ անձի հաշվով: Այս հարցը ելակետ ընդունելու դեպքում ռեսուրսներից կախվածության շարքը կտրուկ փոխվում է:

Գնահատման այս շարքերը կազմելու համար օգտագործվել են ԱՃԹՆ-ի միջոցով հրապարակված բաց ձևաչափով տվյալները՝ համադրելով դրանք Համաշխարհային բանկի ժողովրդագրական տվյալների հետ: Արդյունքները զարմացնում են:

Այս վերլուծությունը մեծ տարբերություններ է բացահայտում ԱՃԹՆ իրականացնող երկրների միջև: Մեկ շնչի հաշվով պետական  եկամուտները տատանվում են Նորվեգիայում ավելի քան 3,000 ԱՄՆ դոլարից մինչև մոտ 1 դոլար՝ Աֆղանստանում, Եթովպիայում և Մալավիում: Նմանատիպ են նաև ոլորտի մասնակցության արդյունքները արտահանման և ավելացված համախառն արժեքի (ՀՆԱ-ում դրանց մասնաբաժնի) վերաբերյալ տվյալներում:

Ռեսուրսներով հարուստ Նորվեգիայի թվերը թերեւս ավելի քիչ զարմանալի են: Այս երկիրը գլխավորում է աղյուսակը նավթի զգալի արդյունահանման և համեմատաբար փոքր բնակչության շնորհիվ: Սա նշանակում է, որ ամեն տարի Նորվեգիայի կառավարությունը բյուջեի միջոցով ստանում է ավելի քան 3,000 ԱՄՆ դոլար, որը նա կարող է ներդնել, խնայել կամ ծախսել յուրաքանչյուր քաղաքացու համար, որը վկայում է ծառայություններ մատուցելու կառավարության մեծ կարողությունների մասին, հատկապես մեկ շնչի հաշվով:

Միաժամանակ, Նիգերիան, որը մեծ կախվածություն ունի արդյունահանման ոլորտի եկամուտներից (91%), մեկ շնչի հաշվով միայն 8-րդն է՝ զիջելով այնպիսի երկրների, որոնք սովորաբար հասարակության կողմից չեն ընկալվում որպես բնական ռեսուրսների մեծ ոլորտ ունեցող երկրներ: Մեկ շնչին բաժին ընկնող այս ցուցանիշը ցույց է տալիս, որ արդյունահանման ոլորտը անհատի համար կարող է ավելի կարևոր լինել այնպիսի երկրում, ինչպիսին է Տրինիդադը և Տոբագոն, քան աֆրիկյան նավթային հսկայում: Նույն կերպ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը մեկ շնչի հաշվով արդյունահանող ոլորտից ստացել է ընդամենը 13 ԱՄՆ դոլար, որը զգալիորեն պակաս է, քան Տրինիդադ և Տոբագոյում:

Սա չի նշանակում, որ Նիգերիայի նման երկրներում արդյունահանման ոլորտը կարևոր չէ: Սակայն կենտրոնում դիտարկելով անհատներին՝ այս տիպի վերլուծությունը ռեսուրսներից կախվածության այլ պատկեր է ցուցադրում: Մեկ շնչին բաժին ընկնող գնահատականը հնարավորություն է տալիս կարևոր հարցեր բարձրացնել երկրի՝ բնական ռեսուրսների ոլորտի և քաղաքացիներին ծառայություններ մատուցելու նրա կարողությունների միջև հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են նավթի, գազի և հանքանյութերի գների մեծ փոփոխությունները ուղղակի կամ անուղղակի ազդում բնակչության վրա։

Հոդվածի գծապատկերներներում օգտագործվել են 2016 թվականի տվյալները, քանի որ այդ տվյալները հասանելի են ԱՃԹՆ-ն իրականացնող երկրների մեծամասնությունում, չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ ավելի թարմ տվյալներ են ներկայացրել։

Աղբյուրը՝ eiti.org