Ռոյալթիի 2%-ից մասհանումներ կկատարվեն համայնքային բյուջեներ

07.03.22
Ռոյալթիի 2%-ից մասհանումներ կկատարվեն համայնքային բյուջեներ

2022թ. մարտի 4-ին  Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-53-Ն օրենքները։

Ըստ ընդունված օրենսդրական կարգավորումների՝  յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կկատարվեն համայնքային բյուջեներ։

Յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության համայնքային մասհանումը բաշխվելու է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ համայնքային մասհանման 50 տոկոսը հավասարաչափ բաշխվելու է համայնքի ազդակիր բնակավայրերի միջև, իսկ մյուս 50 տոկոսը հավասարաչափ բաշխվելու է Հայաստանի Հանրապետության այն բոլոր համայնքների միջև, որոնց կազմում կան օրենքով սահմանված ազդակիր բնակավայրեր՝ այլ ռոյալթի վճարողներից՝ բացառելով առաջին մասով ազդակիր բնակավայրեր ներառող համայնքները: Մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվելու առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները:

Նման մասհանումների արդյունքում կմեծանան համայնքների բյուջետային հնարավորությունները՝ ապահովելով դրանց կայուն և շարունակական զարգացումը։

Օրենքներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: