Հայաստանում իրական շահառուների տվյալների օգտագործումը խթանելու նպատակով կայացած աշխատաժողովի մասին

24.02.22
Հայաստանում իրական շահառուների տվյալների օգտագործումը խթանելու նպատակով կայացած աշխատաժողովի մասին

ԱՃԹՆ-ի և Օփեն Օուներշիփ (OpenOwnership) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովում / Opening Extractives ծրագրի շրջանակում և Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի հետ համագործակցությամբ 2021թ. դեկտեմբերի 7-9-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների համար անցկացվեց առցանց աշխատաժողով իրական շահառուների տվյալների օգտագործման կարողությունների զարգացման նպատակով:

Ինչպես նշված է Օփեն Օուներշիփի աշխատաժողովին նվիրված բլոգում՝ Հայաստանը իրական շահառուների թափանցիկության առումով հանդիսանում է համաշխարհային առաջատար երկիր: 2021 թվականից սկսած Հայաստանը լավ կառուցված և բաց տվյալների ձևաչափով իրավաբանական անձանց ռեգիստրում հավաքագրում և հրապարակում է իրական շահառուների մասին տեղեկություններ։ Այդ տվյալները հրապարակվում են համաձայն Իրական շահառուների տվյալների ստանդարտի (BODS) և ապահովում են տվյալների փոխգործելիությունը, հեշտ վերաօգտագործումը և բարձր որակը:

Չնայած Հայաստանում  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և լրագրողների մեծ ցանցի առկայությանը, որը կարող է օգտվել դրանից, ռեգիստրի տվյալները մնում են համեմատաբար չկիրառվող: ԱՃԹՆ-ի և Օփեն Օուներշիփի հետ համատեղ իրականացվող Opening Extractives ծրագրի շրջանակներում Հայաստանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (FOICA) հետ համատեղ 2021թ. դեկտեմբերի 7-9-ը անցկացվել է երեք առցանց աշխատաժողով հայաստանաբնակ 20 մասնակցի համար: Այդ աշխատաժողովների նպատակն էր բարձրացնել Հայաստանի իրական սեփականության իրավական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստել ռեգիստրի ավելի լավ ընկալմանը և խրախուսել ներկայումս առկա տվյալների օգտագործումը:

Եռօրյա աշխատաժողովին ելույթ են ունեցել և ուսուցանող նյութեր ներկայացրել Օփեն Օուներշիփի՝ երկրի գծով համակարգող Փիթեր Լոուն,  ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը, Օփեն Օուներշիփի առաջատար տեխնիկական խորհրդատու Քեյդի Արմսթրոնգը,  Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Սիվիլնեթ մեդիա հարթակի աշխատակից, հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը։

Աշխատաժողովի բոլոր մասնակիցները արձանագրել են, որ այն շատ արդյունավետ է  եղել և կարծիք են հայտնել, որ  հետագայում ևս կարիք ունեն  նմանատիպ լրացուցիչ դասընթացների:

ՍիվիլՆեթ Չեքի խմբագիր և հիմնադիր Անի Գրիգորյանը նշել է.

 «Դասընթացն իսկապես շատ օգտակար էր, քանի որ ծանոթացանք մի շարք գործիքների, տվյալների շտեմարանների, որոնց հետ նախկինում աշխատելու փորձ ու հնարավորություն չունեինք։ Դասընթացը շատ ինտերակտիվ էր, ինչը, կարծում եմ, ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձրեց այն։ Ընտրված դասընթացավարները նույնպես շատ պրոֆեսիոնալ էին»։

Մանրամասներն այստեղ: