Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում Երևանում

16.12.21
Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում Երևանում

ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում 2021թ. դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: Միջոցառմանը հրավիրված էին պետական լիազոր մարմինների, Գրանթ Թորնթոն խորհրդատվական ընկերության, ԱՃԹՆ հայաստանյան քարտուղարության, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ՏԻ մարմինների ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք: Ֆորումի մասնակիցներին ողջունեցին և բացման խոսքով հանդես եկան ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ԱՄՆ ՄԶԳ Ռազմավարական պլանավորման  գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին:

Ֆորումի ժամանակ հանրությանը ներկայացվեցին թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները: Այդ առումով, ֆորումի կազմակերպումն ու անցկացումը նպաստեց պատասխանատու հանքարդյունաբերության ներդրման վերաբերյալ ԱՃԹՆ հայաստանյան բազմաշահառու խմբի կողմից արձանագրված նպատակների իրականացմանը, որի ուղղությամբ Հայաստանի ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության կատարած աշխատանքները կրում են շարունակական և հետևողական բնույթ:Միջոցառման ժամանակ քննարկվեցին նաև հանքարդյունաբերության ներկա վիճակին վերաբերվող սուր և հանրային մեծ ազդեցություն ունեցող հարցեր, հնչեցին դրանց շուրջ առկա տեսակետներ ու առաջարկվող լուծումներ: Այդ մոտեցումները արձանագրվեցին նաև Գրանթ Թորնթոն խորհրդատվական ընկերության պատասխանատուների կողմից՝ դրանք Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման քաղաքականության մշակվող փաստաթղթի վերջնական նախագծի մեջ օգտագործելու համար: