ՀՀ կառավարությունը առաջարկում է պետական տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար

14.07.21
ՀՀ կառավարությունը առաջարկում է պետական տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ տրամադրելու համար

2021թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստին ընդունվել է ՀՀ կառավարության «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» N 1130-Ա որոշումը, որով հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը (հարց 2): Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի հիմնավորման մեջ ներկայացվում է, որ ընդհանուր առմամբ պետական տուրքի չափը կկազմի շուրջ 72 մլրդ դրամ:

Գործադիրը գտնում է, որ նշված օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա գունավոր մետաղների համաշխարհային շուկայում ձևավորված բարենպաստ գների պարագայում կուտակել ֆինանսական միջոցներ և օգտագործել դրանք՝ երկրում միջազգային չափանիշներին համապատասխանող ու նորարարական տեխնոլոգիաներ կիրառող էկոլոգիապես անվտանգ հանքարդյունաբերական և գունավոր մետալուրգիական արտադրություններ ստեղծելու և զարգացնելու համար։

Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, հետագայում, կախված միջազգային գների փոփոխություններից, դրանք կարող են վերանայվել։

Բացի դրանից, նշվում է, որ օրենսդրական նախաձեռնությունը հանդիսանում է ժամանակավոր լուծում՝ մինչև ոլորտի քաղաքականության ամբողջական և խորքային վերանայումը: