ԱՃԹՆ Հայաստանը թեսթավորւմ է իրական սեփականատերերի առցանց հայտարարագրման համակարգը

04.12.20
ԱՃԹՆ Հայաստանը թեսթավորւմ է իրական սեփականատերերի առցանց հայտարարագրման համակարգը

Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման շրջանակում իրականացվում են իրական սեփականատերերի առցանց ռեգիստրի ծրագրային ապահովման մշակման աշխատանքները: Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ իրական սեփականատերերի առցանց հայտարարագրման համակարգի թեսթային տարբերակի հեռահար ներկայացում-ուսուցում, որի ժամանակ ծրագրային ապահովումը մշակող VXSoft ընկերության ներկայացուցիչները ներկայացրեցին էլեկտրոնային համակարգը և իրականացրին համակարգի թեսթային փորձարկում։

Ներկայացում-ուսուցմանը մասնակցեցին հանքարդյունահանող ընկերությունների, ինչպես նաև  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ արդարադատության նախարարության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,  ԱՃԹՆ քարտուղարության, Համաշխարհային բանկի 22 ներկայացուցիչներ: Ուսուցման մասնակիցները ներկայացված համակարգի վերաբերյալ հայտնեցին կարծիքներ և ներկայացրին առաջարկություններ, որոնք ամփոփվեցին դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած եզրափակիչ տեսազանգի ժամանակ:

Ուսուցմանը մասնակից ընկերությունների ներկայացուցիչերը կարծիք հայտնեցին, որ առցանց ռեգիստրը էապես կհեշտացնի ԻՍ հայտարարագրերի լրացման և ներկայացման գործընթացը, իսկ հրապարակվող տվյալները ավելի մատչելի կլինեն օգտագործողներին: VXSoft ընկերության ներկայացուցիչները վստահեցրին, որ ստացված կարծիքներն ու դիտարկումները հաշվի կառնվեն և 2021թ. սկզբին՝ ռեգիստրի գործարկումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձինք կկարողանան հայտարարագրերը լրացնել և ներկայացնել առցանց:  

Առցանց հանդիպման երկրորդ մասում քննարկվեցին նաև ԻՍ թղթային հայտարարագրերի լրացման, լիազոր անձանց կողմից հայտարարագրերի ներկայացման, արտասահմանյան երկրներից COVID-19 համավարակով պայմանավորված՝ ԻՍ-ների բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը ձեռք բերելու և օրենքով սահմանված ժամկետներում դրանք լիազոր մարմին ներկայացնելու գործընթացների ժամանակ առաջացող խնդիրներն ու դժվարությունները: ԱՃԹՆ-ի քարտուղարությունը ներկայացրեց մի շարք հարցերի պարզաբանումներ: Ձեռք բերվեց համաձայնություն՝ լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում անցկացնել առցանց հանդիպում շահառուների մոտ առաջացած խնդիրներն ավելի մանրամասն քննարկելու համար:

Իրական սեփականատերերի առցանց ռեգիստրի ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքները իրականացվում են Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին» ծրագրի աջակցությամբ: