Հայաստանը շարունակում է ԱՃԹՆ-ի ստանդարտը գերազանցող պահանջների ներդրումը

18.06.20
Հայաստանը շարունակում է ԱՃԹՆ-ի ստանդարտը գերազանցող պահանջների ներդրումը

ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին հավանություն է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության ընդերքի օգտագործումը կարգավորող մի շարք օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը։ 

Համաձայն առաջարկվող փոփոխությունների՝ 2021 թվականից  պարտադիր կդառնա նաև ոչ մետաղական  օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակումը, որը բնական պաշարների կառավարման թափանցիկությունը մեծացնելու կարևոր քայլ է։ ՀՀ  Ազգային ժողովի կողմից նոր օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում լայն հանրությանը և հետաքրքրված շահառուներին հասանելի կլինեն ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման մոտ 350 ընդերքօգտագործման պայմանագրեր։

Հիշեցնենք, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերը արդեն  հրապարակվում են 2018 թվականից։