Տեղի ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտման իրագործելիության ուսումնասիրության շուրջ հանդիպում-քննարկում. ներկայացվեց Մավրիտանիայի փորձը

03.10.19
Տեղի ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտման իրագործելիության ուսումնասիրության շուրջ հանդիպում-քննարկում. ներկայացվեց Մավրիտանիայի փորձը

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում սույն թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) տվյալների համակարգային բացահայտման (mainstreaming) իրագործելիության ուսումնասիրության շուրջ հանդիպում-քննարկում:

Ծրագրի նպատակն է իրականացնել Հայաստանում ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտման (mainstreaming) իրագործելիության ուսումնասիրություն՝ գնահատելու պետական մարմիններում և հանքարդյունահանող ընկերություններում ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտումն իրականացնելու հնարավորությունները և անհրաժեշտ միջոցառումները: Տվյալների համակարգային բացահայտումը կնպաստի մատչելի և ժամանակին տեղեկատվության հասանելիությանը, հաշվետվողականության և հանրային վերահսկողության բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: 

Մավրիտանիայում այդ աշխատանքները կոորդինացնող, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ապակենտրոնացման և հանրային ֆինանսների հզորացման ծրագրի» (ProDeF) տեխնիկական օգնական Սոֆի Գիրկեն կիսվեց ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտման Մավրիտանիայի փորձով՝ քայլ առ քայլ ներկայացնելով տվյալների բացահայտման տանող ճանապարհը՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կայքում անհրաժեշտ տեղեկատվության հասանելի դարձնելը:

Աշխատանքները կոորդինացնողը, կարևորելով ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտումը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս ավելի ազատ տնօրինել և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսները՝ իրականացնելով այնպիսի գործողություններ, որոնց ազդեցությունն անմիջապես նկատելի կդառնա, որն էլ իր հերթին կնպաստի աշխատանքների առավել վստահելի լինելուն:

ՀՀ ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց ՀՀ ԱՃԹՆ-ի տվյալների համակարգային բացահայտման իրագործելիության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը:

Տեղի ունեցավ առաջին խորհրդակցությունը ուսումնասիրությունը կազմող խորհրդատուի և Հայաստանի ԱՃԹՆ Բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների միջև՝ ԲՇԽ-ի անդամների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ Հայաստանում ուսումնասիրության և գործողությունների պլանի իրականացման հարցերի շուրջ, քննարկվեցին, թե ԱՃԹՆ-ի որ տվյալներն են հասանելի պետական մարմինների պաշտոնական կայքերում, ինչպես նաև համաձայնեցվին առաջիկայում իրականացվող աշխատանքները:  

Ուսումնասիրությունն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Հանրային վարչարարության բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում»  նախաձեռնությամբ։