Կայացավ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հերթական նիստը

05.09.19
Կայացավ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) հերթական նիստը։

Փոխվարչապետը, հանդես գալով բացման խոսքով, նշեց. «Սեպտեմբերի 9-ից մեկնարկում է Հայաստանի EITI-ի առաջին միջազգային վավերացումը, որի արդյունքում կտրվի նախորդ 3 տարիներին մեր երկրում նախաձեռնության պահանջների իրականացման գնահատականը։

Հայաստանի Հանրապետությունը կընդունի ԱՃԹՆ-ի վավերացման առաքելությունը նոյեմբերի 4-8-ը։ Այդ օրերին անկախ վավերացնողները հանդիպումներ կունենան ինչպես բազմաշահառու խմբի, այնպես էլ առանձին խմբակցությունների ներկայացուցիչների, խմբակցությունից դուրս՝ ոլորտի լիազոր պետական մարմինների, շահառու փորձագետների, քաղաքացիական հասարակության և մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ, կաշխատեն ԱՃԹՆ-ի զեկույցը կազմող անկախ ադմինիստրատորի հետ։ Ակնկալում եմ Ձեր ակտիվ և արդյունավետ համագործակցությունը ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ վավերացման ամբողջ ժամանակաշրջանում, քանի որ առաքելության ժամանակ իրականացվելիք հանդիպումների արդյունքները մեծապես կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության՝ ԱՃԹՆ-ի պահանջներին բավարարելու ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի որոշումը»:

Նշենք, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի առաջին միջազգային վավերացումը։ Վավերացման ընթացքում գնահատվում է երկրի առաջընթացն ԱՃԹՆ-ի ստանդարտի բոլոր պահանջների իրականացման առումով։ Վավերացման գնահատականի հիման վրա ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը հաստատում է երկրի առաջընթացը (կարգավիճակը)։

Նիստի ընթացքում ներկայացվեցին ԱՃԹՆ-ի ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ԱՃԹՆ-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրության աշխատանքների ընթացքը, ոլորտի տվյալների համակարգային բացահայտման ուսումնասիրության կազմման, ԱՃԹՆ-ի նոր ստանդարտի շրջանակում առաջարկվող միջազգային ծրագրերը:

ԱՃԹՆ ԲՇԽ-ի կողմից նիստի ընթացքում հաստատվեցին Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատակարգի փոփոխությունները, բազմաշահառու խումբը քննարկեց 2020թ. ԱՃԹՆ-ի շրջանակի ընդլայնման, նոր ոլորտների ներառման հարցը, որի նպատակահարմարությունը կներկայացվի նախնական ուսումնասիրությամբ: Բազմաշահառու խումբը հաստատեց «Հայաստանյան ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են նաև պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված առաջնահերթ ուղղությունները: Հայաստանի Հանրապետությունում առկա են հանքարդյունաբերության ոլորտի կառավարման մի շարք խնդրիներ: Այդ տեսանկյունից, ընդերքօգտագործման ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման ու սոցիալ-բնապահպանական պատասխանատվության բարձրացման տեսանկյունից գերկարևոր է ԱՃԹՆ-ի միջոցով պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ մշակելու նախաձեռնությունը, որի միջոցով բազմաշահառու խումբը հետամուտ է լինելու ընդերքօգտագործման ոլորտում առկա օրենսդրական, սոցիալ-բնապահպանական, կառավարչական և նույնիսկ տեխնոլոգիական խնդիրների վերհանմանը և շտկմանը:

Բազմաշահառու խումբը ներկայացրեց ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման աշխատանքները, մասնավորապես, մշակվող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը։ 

Նիստին քննարկվեցին նաև ՀՀ ԱՃԹՆ-ի 2018թ. ազգային զեկույցի բացահայտումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ոլորտային այլ հարցերի։