Բեռլինում կայացավ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» խորագրով եվրոպական տարածաշրջանային քննարկում

17.05.19
Բեռլինում կայացավ «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» խորագրով եվրոպական տարածաշրջանային քննարկում

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի անդամ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը մասնակցել են մայիսի 15-16-ը Բեռլինում կայացած «Իրական սեփականատերերի թափանցիկությունը» խորագրով եվրոպական տարածաշրջանային քննարկմանը, որը կազմակերպվել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից Բաց կառավարման գործընկերության շրջանակում։
Հանդիպման նպատակն էր իրական սեփականատերերի բացահայտման, տվյալների հրապարակման, անձնական տվյալների գաղտնիության ապահովման և հայտարարագրված տվյալների ստուգման գործընթացներում երկրների փորձի ներկայացումն ու մարտահրավերների քննարկումը։ Հանդիպմանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լատվիայի, Սլովակիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, ինչպես նաև Բաց կառավարման գործընկերության, Թրանսփարենսի Ինթերնեշնլի և մի շարք կազմակերպությունների պատասխանատուներ ներկայացրել են մինչ այժմ եվրոպական տարածաշրջանի երկրներում իրականացված աշխատանքները, քննարկել առկա խնդիրները և առաջարկել լուծումներ ներկայումս միջազգային ասպարեզում մեծ կարևորություն վայելող նախաձեռնության՝ բաց տվյալների սկզբունքին համապատասխանող իրակական սեփականատերերի ռեգիստրերի ստեղծման գործընթացի բարելավման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ԱՃԹՆ-ի ներդրման շրջանակում Հայաստանում մինչև տարեվերջ ստեղծվելու է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը։