Տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի 2019 թվականի առաջին նիստը

16.04.19
Տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի 2019 թվականի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) 2019 թվականի անդրանիկ նիստը։

ՀՀ փոխվարչապետը, ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ նիստին բացման խոսքով հանդես գալով, ողջունեց ներկաներին և ամփոփեց ԱՃԹՆ նախորդ՝ 2018 թվականի իրականացրած աշխատանքները և ներդրած ջանքերը, որոնք բարձր են գնահատվել նաև ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության պատասխանատուների կողմից։

Տիգրան Ավինյանը, խոսելով 2019 թվականին իրականացվելիք աշխատանքների մասին, նշեց. «ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների տեսանկյունից 2019 թվականը պատասխանատու տարի է։ Մենք սկսում ենք Հայաստանի ԱՃԹՆ-ի երկրորդ զեկույցի պատրաստման աշխատանքները։ ԲՇԽ-ն ՀՀ կառավարության հետ պետք է քայլեր ձեռնարկի նաև առաջին զեկույցի արդյունքում ի հայտ եկած խնդիրների ուղղությամբ, ինչպես նաև 2019 թվականին պետք է անցկացվի Հայաստանի ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացը»։

Փոխվարչապետը կարևորեց նաև ԱՃԹՆ-ի միջոցով բացահայտված տվյալների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և ասաց, որ այս տարի կիրականացվի նաև ոլորտի տվյալների համակարգային բացահայտման թեմայով ուսումնասիրություն։

Տիգրան Ավինյանը նաև անդրադարձավ միջազգային գործընկեր կազմակերպություններին՝ նշեց, որ Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացում գնահատելի է սերտ համագործակցությունը մեր միջազգային գործընկերների հետ, որոնց աջակցության շնորհիվ գրանցվել են նախորդ տարիների արդյունքները։ «2019 թվականի ԱՃԹՆ-ի աշխատանքային ծրագրի միջոցառումներրի իրականացման գործում մեր հիմանական գործընկերներն են Համաշխարհային բանկը և Գերմանիայի կառավարության անունից գործող GIZ ընկերությունը»,- շեշտեց ՀՀ փոխվարչապետը։

Նիստի ընթացքում օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց ՀՀ ԱՃԹՆ-ի 2019թ. ԱՃԹՆ-ի ազգային զեկույցի կազմման տեխնիկական առաջադրանքը, կայացվեցին ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող մի շարք որոշումներ զեկույցի շրջանակի հաստատաման վերաբերյալ, անդրադարձ կատարվեց նաև ԱՃԹՆ-ի ստանդարտի սպասվող փոփոխություններին։

Քննարկվեցին նաև 2020թ. ԱՃԹՆ-ի շրջանակի ընդլայնման նախնական ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքի շրջանակի սահմանման հարցերը, ներկայացվեցին ԱՃԹՆ-ի ներդրման, մասնավորապես, պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, որի շրջանակում խումբը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության սահմանումը։ Ներկայացվեցին նաև ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև տեղեկացվեց, որ հիմնական ազդակիր համայնքներում ԱՃԹՆ-ի առաջին զեկույցում բացահայտված տեղեկատվության ներկայացման համար իրականացվելու են մարզային հանդիպումներ։

Նիստին հաստատվեցին ՀՀ ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունը և ՀՀ ԱՃԹՆ-ի 2018 թվականի աշխատանքային ծրագրի կատարողականը, եղան քննարկումներ նաև ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։