Ֆիլիպիններում անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատաժողով իրական սեփականատերերի թեմայով

22.03.19
Ֆիլիպիններում անցկացվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային աշխատաժողով իրական սեփականատերերի թեմայով

Մարտի 19-20-ն ընկած ժամանակահատվածում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային երկօրյա աշխատաժողով իրական սեփականատերերի թեմայով։

Հայաստանյան պատվիրակության կազմում էին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության, Արդարադատության նախարարության, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) և լրագրողական համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը ներկայացրեց նաև Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգը։

Աշխատաժողովի ընթացքում տարածաշրջանի երկրները ներկայացրին ԱՃԹՆ շրջանակներում նախաձեռնած քայլերը, օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև արդեն նեդրվող համակարգերի թույլ և ուժեղ կողմերը։

Միացյալ Թագավորության Բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի Կորպորատիվ թափանցիկության և ռեգիստրի բարեփոխման ղեկավար Ստեֆան Վեբստերի հետ առանձին հանդիպման ընթացքում Հայաստանի ԱՃԹՆ ղեկավար Լիլիա Շուշանյանը և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) խորհրդատու Գոռ Խաչատրյանը քննարկել են նաև Մեծ Բրիտանիայում ներդրված փորձը։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով շարունակական համագործակցության հաստատման շուրջ։