Համակարգային բացահայտման թեմայով քննարկման ժամանակ ներկայացվել են Հայաստանի ԱՃԹՆ-ի իրականացրած աշխատանքները

04.03.19
Համակարգային բացահայտման թեմայով քննարկման ժամանակ ներկայացվել են Հայաստանի ԱՃԹՆ-ի իրականացրած աշխատանքները

ԱՃԹՆ միջազգային խորհրդի 42-րդ նիստին զուգահեռ կազմակերպվել էր նաև համակարգային բացահայտման թեմայով քննարկում։ Միջոցառման նպատակն ԱՃԹՆ այլ անդամ երկրների փորձի ներկայացումն էր, որոնք այս ուղղությամբ արդեն իսկ հասցրել են աշխատանքներ իրականացնել և արդյունքներ գրանցել։

Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից մեկն էր, որը ներդրել է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակ։ Հայաստանի ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը, ներկայացնելով հայաստանյան փորձը, ընդգծեց նաև վերջինիս առանձնահատկությունն արդեն առկա մյուս համակարգի համեմատ։ Մասնավորապես, քարտուղարության կողմից մշակվել է ոչ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաշվետվությունների ներկայացման համակարգը՝ ապահովելով տեխնիկական սխալների նվազեցման և ժամանակի կրճատման հնարավորություն, այլև ներմուծել են հիմնական տվյալները բաց ձևաչափով օգտատերերին հասանելի դարձնելու գործիքակազմ։ Սա հատկապես կարևոր է շահագրգիռ կողմերին գործընթացում ներգրավելու, երկխոսության և նոր բարեփոխումների խթանման տեսանկյունից։

Հարց և պատասխանի ժամանակ կարծիք հնչեց, որ եթե այլ երկրներում այս տվյալներով հետաքրքրված են գործարարները, ապա Հայաստանում դրանց հիմնական կիրառողները նախատեսվում է, որ կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մարմինների աշխատակիցները, ովքեր պրոակիվ կերպով կնախաձեռնեն ոլորտում դրական փոփոխությունների բերող ծրագրեր։