Ներկայացվել են ԱՃԹՆ ստանդարտի ներդրման 2018թ. ընթացքում իրականացրած աշխատանքները

05.12.18
Ներկայացվել են ԱՃԹՆ ստանդարտի ներդրման 2018թ. ընթացքում իրականացրած աշխատանքները

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԲՇԽ նիստը, ինչպես նաև ներկայացվել են ԱՃԹՆ ստանդարտի ներդրման 2018թ. ընթացքում իրականացված աշխատանքները։

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այս բազմաշահառու խումբն անցկացնելու է իր կարևորագույն նիստերից մեկը, քանի որ նախատեսվում է հաստատել ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնցով նախանշվում են առաջիկա 2 տարիների ընթացքում նախաձեռնության ներդրումն առավել խորացնելու և գործընթացն առավել կայուն դարձնելու միջոցառումները:

Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է նաև, որ հաշվետու տարում ապահովվել են ստանդարտով պահանջվող և որոշ կետերով նույնիսկ ստանդատի պահանջները գերազանցող արդյունքներ (որպես օրինակ նշենք, որ հրապարակվել են մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների տվյալները)։

«Հաջողության կարևոր գրավականն է եղել նաև գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը։ 2018թ․ ընթացքում Հայաստանի ԱՃԹՆ-ի հիմնական գործընկերն է եղել Համաշխարհային բանկը, որի դրամաշնորհային ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարում: Հենց այս կարևոր համագործակցության արդյունքում է կազմվել Հայաստանի 2018թ. առաջին ԱՃԹՆ զեկույցը» ,- նշել է ԲՇԽ նախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ այսօրվանից ԱՃԹՆ-ի գործընկերների շարքն է համալրում նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), որը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման աշխատանքներին կցուցաբերի տեխնիկական աջակցություն Գերմանիայի կառավարության անունից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել GIZ-ի «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Յենս Պետերսեն-Թումսերը։

Օրակարգային հարցերի շուրջ ծավալված համապարփակ քննարկման արդյունքում ԲՇԽ անդամները նիստի ավարտին հաստատել են ազգային զեկույցը։ ԱՃԹՆ-ի զեկույցը հանդիսանում է միջազգային նախաձեռնության անդամակցության կարևորագույն արդյունքներից մեկը, որով հանրությանը մեկ աղբյուրից հասանելի է դառնում ոլորտի ֆինանսական հոսքերի, արտադրության և արտահանման ծավալների ու արժեքների, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ դաշտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Նշենք, որ բազմաշահառու խմբի կողմից հաստատված զեկույցի պատրաստման համար վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են օրենքների և այլ իրավական ակտերի փոփոխություններ։ Զեկույցը լայն հանրությանը կներկայացվի  2019թ․ հունվարին։

Տեղեկացնենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ), որին անդամակցում է 51 երկիր, այդ թվում նաև Հայաստանը՝ 2017 թվականից, բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է:

Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի 15 հոգուց բաղկացած բազմաշահառու խումբը, որը կազմված է կառավարության, հանքարդյունահանող կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորվել է վերահսկել ԱՃԹՆ-ի իրականացումը: