Իրական սեփականատերերի բացահայտումը՝ օրենսդրական պահանջ

10.10.18
Իրական սեփականատերերի բացահայտումը՝ օրենսդրական պահանջ

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստին հավանության արժանացրեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը: ԱՃԹՆ-ի շրջանակում այս հանձնառությունը պետություն-քաղաքացիական հասարակություն-բիզնես համագործակցության կարևոր քայլերից է: 


Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը բխում է ԱՃԹՆ-ի ստանդարտի պարտադիր պահանջից՝ 2020թ. հունվարից ունենալ ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստր: Նախագծերում տրված են իրական սեփականատիրոջ սահմանումը, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, կազմակերպությունների կողմից իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իսկ որպես իրական սեփականատերերին սահմանված կարգով չբացահայտելու պատասխանատվության միջոց, ի թիվս զգուշացման և դադարեցման, Ընդերքի օրենսգրքում ներմուծվել է նոր՝ կասեցման մասին դրույթ: 


Օրենսդրական նախաձեռնությունը (օրակարգի 27-րդ հարց) համարվել է անհետաձգելի, և այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: