Բեռլինում անցկացվել է ԱՃԹՆ խորհրդի 40-րդ նիստը. խորհուրդը երկարաձգել է ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի հրապարակման վերջնաժամկետը

30.06.18
Բեռլինում անցկացվել է ԱՃԹՆ խորհրդի 40-րդ նիստը. խորհուրդը երկարաձգել է ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցի հրապարակման վերջնաժամկետը

Հունիսի 27-30-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում անցկացվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) խորհրդի 40-րդ նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում ներկայացվել են ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման աշխատանքները, նշվել Ստանդարտի ներդրման ուղղությամբ կատարված նախնական և օրենսդրական ուսումնասիրությունների, դրանց հիման վրա ընդունված օրենսդրական փոփոխությունների, հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի մշակման, իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի հաստատման և մի շարք այլ աշխատանքների մասին:

ԱՃԹՆ-ի Խորհուրդը որոշում է կայացրել բավարարել հայաստանյան բազմաշահառու խմբի կողմից ներկայացված դիմում-նամակը և երկարաձգել ԱՃԹՆ-ի Հայաստանի ազգային առաջին զեկույցի հրապարակման վերջնաժամկետը բովանդակային առումով համապարփակ և որակյալ զեկույց պատրաստելու նպատակով:

Տեղեկացնում ենք նաև, որ նույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդերքօգտագործողների հետ կնքված պայմանագրերը հրապարակային են և արդեն հասանելի են նախարարության կայքում (http://www.minenergy.am/page/569):

Պայմանագրերի հրապարակումը Ստանդարտի ոչ պարտադիր՝ խրախուսվող դրույթներից էր:

Կայքում արդեն հասանելի է նաև համապարփակ տեղեկատվություն հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների վերաբերյալ (http://www.minenergy.am/page/569):