Ներկայացվել է «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը

22.03.18
Ներկայացվել է «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը։
Նիստում ներկայացվել է նաև «ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզի» նախագիծը: Քարտեզը մշակվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) շրջանակում, որին Հայաստանը, թեկնածու երկրի կարգավիճակով, անդամակցում է 2017թ. մարտից: Ճանապարհային քարտեզի շրջանակում նախատեսվում է 2018-2019 թթ. ընթացքում միջոցառումներ իրականացնել հետևյալ ուղղություններով՝ իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական և ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում, տվյալների հավաքագրում և հավաստիության ստուգում, իրական սեփականատերերի հանրային ռեգիստրի ձևավորում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ճանապարհային քարտեզի նախագիծը ներկայացնել ՀՀ կառավարության նիստի քննարկմանը, ինչպես նաև եռօրյա ժամկետում ներկայացնել ստեղծվող աշխատանքային խմբի անհատական կազմը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի ղեկավարությամբ և քաղաքացիական հասարակության ու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավմամբ: