ՀՀ վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման հանձնառության մասին

28.07.15
ՀՀ վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման հանձնառության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման հանձնառության մասին 2015թ. հուլիսի 28-ին կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ: Վարչապետն արտահայտել է իր պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի անդամ երկիր դառնալու կապակցությամբ և պատվիրակել ԱՃԹՆ-ին անդամակցության աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

«Ես շատ կարևորում եմ այս կազմակերպությանն անդամակցելու նախաձեռնությունը և անձամբ հետևելու եմ անդամակցության գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուն: Հայաստանի Հանրապետությունը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ, կանխատեսելի և մրցակցային խաղի ապահովումը: Նախաձեռնությանն անդամակցելու մեր մտադրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհում ընթացող պրոցեսներին, որոնք շատ արագ են փոխվում: Ցանկանում եմ կառավարության անունից հանձնարարական տալ Դավիթ Հարությունյանին, որպեսզի համակարգի այդ գործընթացները և համապատասխան ստանդարտի ներդրման աշխատանքները»,- նշել է վարչապետ Աբրահամյանը։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ: