Open Extractives ծրագրի շրջանակներում կայացած հերթական աշխատանքային հանդիպումը

01.04.24
Open Extractives ծրագրի շրջանակներում կայացած հերթական աշխատանքային հանդիպումը

Open Extractives ծրագրի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 1-ից 2-ը Հայաստանում էր գտնվում Օփեն Օուներշիփ (OpenOwnership) կազմակերպության Ասիական Խաղաղ օվկիանոսական  տարածաշրջանային տնօրեն տիկին  Էմիլի  Մանուելը:  

Այցի նպատակը իրական շահառուների տվյալների օգտագործման վերաբերյալ խնդիրների քննարկումն էր՝ երկրի հակակոռուպցիոն օրակարգի նպատակների իրականացման գործում՝ ընդհանրապես,  և  ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում, մասնավորապես:

Տիկին  Մանուելը հանդիպումներ ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՃԹՆ ազգային քարտուղարության պատասխանատու աշխատակիցների հետ:  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ԱՃԹՆ ազգային քարտուղարության ներկայացուցիչների հետ  կայացած հանդիպման ժամանակ տիկին Էմիլի Մանուելը նշեց, որ OpenOwnership կազմակերպությունը շատ բարձր է գնահատում ՀՀ կառավարության իրականացրած աշխատանքը՝ իրական շահառուների  տվյալները բացահայտելու գործում և այն՝ որպես օրինակելի փորձ է ներկայացնում մասնակից այլ երկրներում:

Այնուհետ, հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին իրական շահառուների տվյալների հրապարակման, դրանց բովանդակության, ճշգրտության  հավաստման եղանակների մասին:Հանդիպման քննարկման կարևոր թեման էր նաև այն, թե ինչ վերջնական նպատակի համար կարող են օգտագործվել իրական շահառուների տվյալները, կամ  ինչպես կարող է ԻՇ տվյալների ուսումնասիրությունը նպաստել հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռիսկերի նվազեցմանը,  պատասխանատու և բարի համբավ ունեցող գործարարների ներգրավմանը  և այլն:

Տիկին Մանուելը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը առաջատար դեր կունենա նաև իրական շահառուների տվյալները օգտագործելու բնագավառում և, հատկապես՝ թույլտվությունների տրամադրման գործընթացում:

Օփեն Օուներշիփ-ի տարածաշրջանային տնօրենը տեղեկացրեց ՏԿԵՆ-ի իր գործընկերներին, որ ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպությունը Open Extractives ծրագրի շրջանակներում նախատեսում է Հայաստանի լիազոր մարմինների համապատասխան աշխատակիցների համար անցկացնել առկա և առցանց վերապատրաստումների շարք:  Այդ շարքի առաջին աշխատաժողովը պլանավորվում է անցկացնել ԱՃԹՆ-ի և OpenOwnership–ի 2024թ. հուլիսյան այցի ժամանակ:

Տարվա ընթացքում տեսական դասընթացներից հետո նախատեսվում են նաև միջազգային լավագույն փորձի ուսումնական այցելություններ: